Javakhk Music  

Գուսան Հավասի, բանաստեղծություններ

Gusan Havasi, lyrics
Гусан Аваси, поэзия

Հեղինակի մասին | About the author | Об авторе
Ձայնագրություններ | Audio records | Aудиозаписи

ԵՐԳ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ

Ամբողջ մարդկության մտքից թև առավ,
Երբ խաղաղության աղավնին թռավ,
Խավարին ճնշող վառ արև դառավ,
Շողաց լույսերով, խրախույսներով,
Անզոր անճարին լցրեց հույսերով։

Այս կոչն է հատուկ ազգերին համայն,
Ողջ աշխարհով մեկ տվին սիրտ ու ձայն,
Էս երկրի վրա ընդարձակ ու լայն
Թող ծաղկի բարով հաշտության սիրով,
Թող ապրեն մարդիկ խաղաղ, անխռով։

Կռվում քանդվողը մեռնողի տունն է,
Կյանքից էլ թանկը խաղաղությունն է,
Այս կոչը կայուն աշխարհի սյունն է,
Երգի՛ր անսասան, Հավասի՛ գուսան,
Թող հնչի սերը սուրբ խաղաղության։

ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆ

Երիտասարդ տեսքիդ ու դեմքիդ մատաղ
Ո՛վ իմ սովետական, սիրուն Հայաստան,
Էս չորս տասնյակ տարի ապրելով խաղաղ,
Դառել ես աննման, սիրուն Հայաստան,
Օրեցօր բարձրացող հասակիդ ղուրբան։

Գովական ես, որպես իմը չեմ գովե,
Դաշտերդ առատ բերքով լցվել է, ծով է,
Քո կենսատու ջուրն էլ որքան համով է,
Անուշ, անմահական, սիրուն Հայաստան,
Օրեցօր բարձրացող հասակիդ ղուրբան։

Ջրմուղներ ու գետեր, մեր ժամանակի,
Նոր - նոր գործարաններ ամեն տեսակի,
Քո պատկերն օրեցօր կբացվի, կծաղկի,
Բույրով եդեմական, սիրուն Հայաստան,
Օրեցօր բարձրացող հասակիդ ղուրբան։

Հավասու կյանք ու հույս, Երևան քաղաք,
Բայց քեզ ինչպե՞ս գովեմ, հայ ազգի հոգյակ,
Համայն աստղերի մեջ մի հատ ես, լուսնյակ,
Պանծալի Երևան, սիրուն Հայաստան,
Օրեցօր բարձրացող հասակիդ ղուրբան։

ՀԱՅՐԵՆԻՔ

Մա՜յր իմ Հայաստան, սիրուն աննման, քո եդեմական բույրն անուշ,
Դու տեսքով գարուն, ծաղկած գալարուն, սարիդ վարարուն ջուրն անուշ.
Միշտ մնաս կայտառ, արևի պես վառ, հստակ ու պայծառ, Հայրենիք,
Կուզեմ անդադար թողած սեր ու յար, երգել քեզ համար, Հայրենիք։

Ի՞նչ ունի որդին, մոր նման անգին, մատաղ քո տեսքին, ես մատաղ։
Քեզ պիտի սիրեմ, կյանքս նվիրեմ ու սիրտս բերեմ քեզ մատաղ,
Կապրեմ քո հույսով, քո բարի բույսով անմար լույսով, Հայրենիք,
Կուզեմ անդադար, թողած սեր ու յար, երգել քեզ համար, Հայրենիք։

Հավասին եմ ես, պիտի գովեմ քեզ, նազելի հարս ես միամոր,
Ես որ գուսան եմ, քեզ պարտական եմ, պիտի գովքդ անեմ ամեն օր,
Փառքիդ համեմատ, երգում եմ ազատ, մայր իմ հարազատ, Հայրենիք,
Կուզեմ անդադար, թողած սեր ու յար, երգել քեզ համար, Հայրենիք։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍԻՐՈՒՆ ՍԱՐԵՐ

Ծաղկոտ լեռներ Հայաստանի,
Աշխարհում հայտնի, անվանի,
Երանի տամ ձեզ, երանի,
Որ ծաղկաբեր գարնան օրեր
Անցկացրել եք հազար դարեր,
Հայաստանի սիրուն սարեր։

Վարդ աղջիկներ կգան ձեզ մոտ,
Ձեր գառ ու վառ տեսքին կարոտ,
Սրտեր բացող չորս դին արոտ,
Ուրախ երգեր, խինդ ու պարեր,
Եվ այսպես շատ ու շատ դարեր,
Հայաստանի սիրուն սարեր։

Հավասին եմ, երգիչն իմ յարի,
Յարս է ծնունդ ոսկե դարի,
Սովետական լույս աշխարհի,
Դուք որ տեսնեք, կառնեք լարեր,
Էլ չեք քնի հավերժ դարեր,
Ու կդառնաք աշուղ, սարեր։

ՈԻՇԱՑԱԾ ՆԱՄԱԿ

Ցնծությամբ լցվեց այսօր տունը մեր,
Այսպես մի օր էլ ամենքին լիներ,
Ստացա նամակ՝ մեծ ավետաբեր,
Խնդությամբ բացի, կարդալով լացի.
Երգելով մնացի՝ գալու է յարս։

էն արյան դաշտից, մարտերից երկար,
Եկան վատ լուրեր, բոթեր անհամար,
Թափել է արյուն հայրենյաց համար
Ասպետ ասլանս, վիրավոր ջանս,
Արծիվ թառլանս, գալու է յարս։

Անցել էր արդեն տարին բոլորակ,
Որ չէի ստացել ո՛չ լուր, ո՛չ նամակ։
Խոցված էր սիրտս անսուր, անդանակ.
Երգեց Հավասին՝ ցնծաց իմ հոգին,
Մեռնեմ էն ճամփին, գալու է յարս։

ԳՆԱՆՔ ԵՐԵՎԱՆ

Անցկացավ հունվարը, ցուրտ փետրվարը,
Եկավ գարնան օրը, գնանք Երևան,
Բողբոջ հանեց ծառը, կանաչեց սարը,
Բացվեց ճանապարհ, գնանք Երևան։

Հայաստանի սերը, սիրուն պատկերը,
Քաշում են սրտերը, ջահելն ու ծերը,
Գարնան պարտեզները, զով գիշերները,
Բացվել են վարդերը, գնանք Երևան։

Տեսնում եմ երազով, հասնում եմ վազով,
Զարթնում եմ վռազով, մնում մուրազով,
Արի երգ ու սազով, գարնան տարազով,
Անցնենք Ալագյազով, գնանք Երևան։

Հավասին եմ, բարի գուսանն իմ յարի,
Սովետական դարի, հայոց աշխարհի,
Սերս չի դադարի, միշտ կվարարի,
Արի, յար ջան, արի, գնանք Երևան։

ԿՈԼԽՈԶԻ ՉՈԲԱՆ

Նոր լուսաբացին, արևից առաջ
Հոտդ փռվել է սարն ի վեր կանաչ,
Արոտիդ չորս դին բացվել է կակաչ,
Քեզ պես դուրեկան, կոլխոզի չոբան։
Արևնամուտին տուն արի, յար ջա՜ն,
Կոլխոզի չոբան, արևիդ ղուրբան։

Ես էլ մայիսին չեմ մտել պարտեզ,
Չեմ քաղել ծաղիկ, վարդեր հրակեզ,
Իմ անուշ հովիվ, կսպասեմ ես քեզ,
Իմ ծաղիկ գարնան, կոլխոզի չոբան։
Արևնամուտին տուն արի, յար ջա՜ն,
Կոլխոզի չոբան, արիդ ղուրբան։

Իմ սերն է անքուն հոգուդ ընկերը,
Հսկում է հոտիդ ողջ գիշերները,
Հավասն էլ երգեց հերոսիդ սերը,
Քաջ ու պատվական, կոլխոզի չոբան։
Արնամուտին տուն արի, յար ջա՜ն,
Կոլխոզի չոբան, արիդ ղուրբան։

ՀԱՅԱՍՏԱՆՑԻ

Եկել ես Վրաստան, լինեմ քո գերին,
Մտել ես պարտեզը աղունիկներին,
Զարմացրիր վրաց հրեշտակներին,
Արի մոտս, ձեռքդ տուր, հայաստանցի,
Այրվում եմ, հասցրու ջուր, հայաստանցի,
Քեզ նման սիրունին սիրահարվել եմ,
Տարար ուշք ու միտքս, խելագարվել եմ,
Սիրում եմ քեզ, հայաստանցի,
Վառվում եմ ես, հայաստանցի,
Սիրում եմ քեզ, մարալ, մարալ, մարալ, մարալ
Վառվում եմ ես, ջեյրան, ջեյրան, ջեյրան։

Հայ աղջիկ, քեզ համար ի՞նչ երգեր հանեմ,
Վարդ ծաղիկ ասեմ, թե՝ թռչուն անվանեմ,
Թե երգեր սիրում ես, քո ցավը տանեմ,
Արի մոտս, ձեռքդ տուր, հայաստանցի,
Այրվում եմ, հասցրու ջուր, հայաստանցի,
Քեզ նման սիրունին սիրահարվել եմ,
Տարար ուշք ու միտքս, խելագարվել եմ,
Սիրում եմ քեզ, հայաստանցի,
Վառվում եմ ես, հայաստանցի,
Սիրում եմ քեզ, մարալ, մարալ, մարալ, մարալ
Վառվում եմ ես, ջեյրան, ջեյրան, ջեյրան։

Հավասին մատաղ քո դեմք ու տեսքին,
Նման ես մեր երկրի արտերի հասկին,
Քեզ սիրողն ի՞նչ կանի աշխարհի ոսկին,
Արի մոտս, ձեռքդ տուր, հայաստանցի,
Այրվում եմ, հասցրու ջուր, հայաստանցի,
Քեզ նման սիրունին սիրահարվել եմ,
Տարար ուշք ու միտքս, խելագարվել եմ,
Սիրում եմ քեզ, հայաստանցի,
Վառվում եմ ես, հայաստանցի,
Սիրում եմ քեզ, մարալ, մարալ, մարալ, մարալ,
Վառվում եմ ես, ջեյրան, ջեյրան, ջեյրան։

Ի՞ՆՉ ԱՍեՄ ՅԱՐԻՍ

Պարտեզում, իրիկնապահին
Ընկերներով ման կուգային,
Բացվել էր դեմքը երկնային
Արև ասեմ, թե,
Լուսին ասեմ, թե,
Ի՜նչ, ի՜նչ ասեմ, գեղեցիկ յարիս։

Երգում է սրտի սերիցը,
Սազն էլ չի գցում ձեռիցը,
Թափում է շրթունքներիցը,
Նաբաթ ասեմ, թե,
Շաքար ասեմ, թե,
Ի՜նչ, ի՜նչ ասեմ, անուշիկ յարիս։

Հավասու դարդերը ծով է,
Դարձյալ նստել յար կգովե,
Հետս էլ չի խոսի, խռով է.
Համր ասեմ, թե,
Բլբուլ ասեմ, թե,
Ի՜նչ, ի՜նչ ասեմ սիրունիկ յարիս։

ՉՈԼԻ ՋԵՅՐԱՆ

Իմ կյանք ու սեր, սիրուն աղջիկ,
Սիրուն աղջիկ, ալվան ծաղիկ,
Ալվան ծաղիկ, սարի եղնիկ,
Արի սեյրան, չոլի ջեյրան,
Չոլի ջեյրան, ես քեզ ղուրբան։

Ձայնդ քաղցր, լեզուդ անուշ,
Լեզուդ անուշ, բադամ ու նուշ,
Բադամ ու նուշ, դու մեղրաթուշ,
Արի սեյրան, չոլի ջեյրան,
Չոլի ջեյրան, ես քեզ ղուրբան։

Հավասն եմ, քեզ խնդիր կանեմ,
Խնդիր կանեմ, կյանք տուր ապրեմ,
Կյանք տուր ապրեմ, զուր չմեռնեմ,
Արի սեյրան, չոլի ջեյրան,
Չոլի ջեյրան, ես քեզ ղուրբան։

ՅԱՅԼԱՎՈՐ ՅԱՐՍ

Սարի ճամփով ալ ու ալվան,
Յայլավորը շարվե - շարան,
Շտապում են պար բռնելու
Ծաղկած լանջին բարձր լեռան։
Պար եկող, քո պարին մեռնեմ,
Քո սիրած զով սարին մեռնեմ,
Կաթնաղբյուրի ճերմակ ջրով
Հովացած ջիգյարին մեռնեմ։

Հագել են ալ գարնան տարազ,
Բարձրանում են վեր նազենազ
Իրիկնադեմ երգ ասելով,
Տուն կդառնան խիստ վազեվազ
Շտապով ընթացող յարս,
Երեսին քրտնի ցող յարս,
Գիշերվա լուսինն չիմանա
Արով գնացող յարս։

Յայլավորը թեթև կգա,
Իմ յարը հևիհև կգա,
Հայաստանի սեգ սարերին
Կաթը ձեռքին ներքև կգա։
Տուն արի, թառլանիդ ղուրբան
Հավասին ջեյրանիդ ղուրբան,
Յարի համար սեր է քաշել,
Սարի կթվոր, ջանիդ ղուրբան։

ԶԵՓՅՈՒՌ ԲԱՐԵՎ ՏԱՐ

Անուշ հովիկ, եկար գարնան,
Ծաղկեցրիր այգի, բուրաստան,
Գնա դեպի իմ մայր Հայաստան,
Զեփյուռ, բարև տար իմ յարին,
Գարնան արև տար իմ յարին։

Ման է գալիս բուրաստանում,
Վարդի բույրով հանգստանում`
Սովետական Հայաստանում,
Զեփյուռ, բարև տար իմ յարին,
Կարմիր արև տար իմ յարին։

Անուշ հովիկ, դարդս լացով,
Շնկշնկալով սիրտս բացող,
Հավասուն իսպառ մոռացող,
Զեփյուռ, բարև տար իմ յարին,
Կյանք ու արև տար իմ յարին։

ԵՂՆԻԿԻ ՊԵՍ ԾՈՒՌ ՄԻ ԱՇԵ

Ալ երեսդ ալա է,
Բացված կարմիր լալա է,
Նայվածքդ, սիրուն աղջիկ,
Գլխիս դարդ ու բալա է։
Եղնիկի պես ծուռ մի աշե, սիրո՛ւն ջան,
Ջահել սիրտս դու մի մաշե, սիրու՛ն ջան։

Այրող սերդ սառել է,
Սիրտդ ինձնից դառել է,
էդ քո նայել, ժպտալդ
Խելքս գլխիցս առել է։
Եղնիկի պես ծուռ մի աշե, սիրո՛ւն ջան,
Ջահել սիրտս դու մի մաշե, սիրու՛ն ջան։

Հագածդ նուրբ տարազ է,
Հասակիդ լավ կսազե,
Քեզ հետ ասել, խոսելը
Ե՛վ ցավ է, ՛ մուրազ է։
Եղնիկի պես ծուռ մի աշե, սիրո՛ւն ջան,
Ջահել սիրտս դու մի մաշե, սիրու՛ն ջան։

ԱՆՆՄԱՆ ՏԱՐԱԶՈվ

Աննման տարազով, թել-թել մազերով,
Իմ յարն եկավ անցավ հազար նազերով,
Լուռ գնաց` մնացի բարևին կարոտ,
Ինչպես սիրտս է երկնուց արևին կարոտ։

Ես մի երգ ասացի ման գալու հարմար,
Ես տխուր՝ ինքն ուրախ խնդալուն հարմար
Հետի ընկերները քաշեցին տարան,
Մաշված սիրտս էլ նորից մաշեցին տարան։

Անգութն էլ չլսեց Հավասուս երգին,
Այտերին նման էր փնջերը ձեռքին,
Յարս բաղեն գնաց, կուրծքը վարդերով,
Աչքս լալեն մնաց, սիրտս՝ դարդերով։

ՋԱՎԱԽԵՑԻ ՍԻՐՈՒՆ ԱՂՋԻԿ

Ո՛վ, Ջավախքի սիրուն աղջիկ,
Սեգ Աբուլի լանջի ծաղիկ,
Ես էն ծաղկանց միջի գառն եմ,
Ինչու համար քեզի դառն եմ,
Ջավախեցի, ջանիդ մեռնեմ։

Սարին աշել, բոյ ես քաշել,
Չինար բոյովդ կյանքս ես մաշել,
Ես էլ էն քո երկրի ծառն եմ,
Ինչու՞ համար քեզի դառն եմ,
Ջավախեցի, ջանիդ մեռնեմ։

Սարեն կուգաս վարդի թերով,
Սիրտդ լիքն է յարիդ սիրով,
Սերս սրտիդ սերին խառնեմ,
Ինչու՞ համար քեզի դառն եմ,
Ջավախեցի, ջանիդ մեռնեմ։

Դու Հավասու կյանքի արև,
Նեղացել ես, չես տա բարև,
Արի՛, արի՛, սիրտդ առնեմ,
Ինչու՞ համար քեզի դառն եմ,
Ջավախեցի, ջանիդ մեռնեմ։

ԱՆԳՈԻԹ ԱՇԽԱՐՀ

Անգութ աշխարհ, ինձ դարդ տվիր անփարատ,
Կարծես ես քո որդին չէի հարազատ,
Այլոց համար բարի մայր ես գթառատ,
Անգութ աշխարհ, իմ ջիգյարը դաղեցիր,
Դաղեցիր ու վերքերիս աղ շաղեցիր։

Գիշերն անծայր երկինքս էլ ամպոտ էր,
Թախծախնդիր իմ բողոքը քեզ հետ էր,
Անմեղ հոգիս լուսաբացիդ կարոտ էր,
Անգութ աշխարհ, իմ ջիգյարը դաղեցիր,
Դաղեցիր ու վերքերիս աղ շաղեցիր։

Երևանն է այսօր շքեղ, աննման,
Երջանիկ են տեսնողները մշտական,
Թող տեսնեի ես էլ, գոնե մի անգամ,
Անգութ աշխարհ, իմ ջիգյարը դաղեցիր,
Դաղեցիր ու վերքերի ս աղ շաղեցիր։

Հավասին եմ, տանջող դարդիս ճար չկա,
Մանուկ օրից անտակ վշտի ծովն ընկա,
Ամեն քայլում մի ընկերի ենթակա,
Անգութ աշխարհ, իմ ջիգյարը դաղեցիր.
Դաղեցիր ու վերքերիս աղ շաղեցիր։

ՀԱՎԱՍԻՆ ՍԱԶ Է ՆՎԻՐՈՒՄ
ԻՐ ՎԱՐՊեՏ ԹԻՖԻԼՈԻՆ

Սազ եմ բերել, վարպետ, խնդրեմ ընդունես,
Թե ավել, թե պակաս, Հավասուդ ներես,
Ինչ ցանկաս, նոր սազով միշտ գլուխ բերես,
Իմ անգին ուսուցիչ, ազն՛իվ Թիֆիլի։

Տարիներով քեզ հնազանդ մնացի,
Քո շնորհիվ միտքս, աչքերս բացի,
Ջանք չխնայելով հասցրիր հացի,
Հայրական հոգու տեր, անգի՛ն Թիֆիլի։

Ի՜նչ բառեր որոնեմ, ի՜նչ գույներ փնտրեմ,
Որ լավերից լավը քեզ համար ընտրեմ,
Թե սխալմունք ունեմ, թողություն խնդրեմ,
Միշտ բարու մեջ մնաս, բարի՛ Թիֆիլի։

Սազս ուսած կանցնեմ քո ճանապարհով,
Տուր քո ճարտար ձեռքը մնաս բարով.
Եթե սրտիս շուշեն չջարդեն քարով,
Քեզ միշտ պարտական է քո սան Հավասին։

Ներողամիտ եղիր քո սանին նորից,
Գոհացա ձեզանից ու ձեր շնորհից,
Դժվար է բաժանվել իմ Հիսնի մորից,
Միշտ շնորհապարտ եմ քեզ, վարպետ Թիֆիլի։

ԽԱՂՈՎ ԱՆՑԱՎ

Արտից եկող սիրուն փերին
Ի՜նչ անուշ ծիծաղով անցավ,
Չէր մոռացել սիրած յարին,
Եկավ ու մեր թաղով անցավ։
Թաղով անցավ, խաղով անցավ,
Ի՜նչ անուշ ծիծաղով անցավ։

Հոգին բարի, սիրտն անխռով,
Ալ երեսի քրտինքը ծով,
Շատ է սիրում ծառերի հով.
Գարնան կանաչ բաղով անցավ։
Բաղով անցավ, խաղով անցավ,
Ի՜նչ անուշ ծիծաղով անցավ։

Չկա, չկա ոչ մի երկիր
Յարիս նման մեկ յար ընտիր,
Իր այտերի նման կարմիր
Վարդը ձեռքին շաղով անցավ։
Շաղով անցավ, խաղով անցավ,
Ի՜նչ անուշ ծիծաղով անցավ։

Վրթանեսի յարն արևոտ,
Ամոթխած է օտարի մոտ,
Ինձ չթողեց ձայնին կարոտ,
Անուշ երգ ու տաղով անցավ։
Տաղով անցավ, խաղով անցավ,
Ի՜նչ անուշ ծիծաղով անցավ։

ԳԱՐՆԱՆ ԾԱՂԻԿ ԵՍ

Գարնան ծաղիկ ես, ծաղիկ հոտավետ,
Բույրդ գալիս է անուշ հովի հետ,
Գարունն է լցրել քեզ իր շաղերով,
Բլբուլն է երգել անուշ տաղերով։

Մենակ ես բացվել գարնան բաղի մեջ,
Նոր արշալույսի անուշ շաղի մեջ,
Մենակ ես հաղթել հազար-հազարին,
Հազար երանի քո սիրած յարին։

Անուշ աղբյուր ես՝ սարից ես գալիս,
Ծարավ ճամփորդին ջուր էլ չես տալիս,
Հեռվից կարծում են զովացնող ջուր ես,
Խմողին այրող կրակ ես, հուր ես։

Բաց արա լեզուդ, լոկ մի բառ ասա,
Ջրով չի մարի, ի՞նչ կրակ է սա,
Բաց արա սիրտս, թող ապրեմ էլի,
Դարձիր Հավասուդ, անուշ նազելի։

ՎԱՐԴԵՐԻ ՄԵՋ , ԴԱՐԴԵՐԻ ՄԵՋ

Յար, քեզանից հզոր չկա,
Սիրո վառման մարտերի մեջ,
Ով որ տեսնի ուշքը կերթա,
Դու լալ ու զառ դարդերի մեջ։
Զարդերի մեջ, վարդերի մեջ,
Սիրտս թողիր դարդերի մեջ։

Երբ տեսնում եմ քեզ խնդալիս,
Ես տխրում եմ, արյուն լալիս,
Արտույտ դառել, ման ես գալիս
Գարնան կանաչ արտերի մեջ։
Արտերի մեջ, վարդերի մեջ,
Սիրտս թողիր դարդերի մեջ։

Մայր արևին դու չես զիջել,
Դեմքիդ ծիծաղ է կարկաչել,
Կարծես գարնան շաղն է իջել
Խաս կակաչի ալ թերի մեջ։
Ալ թերի մեջ, վարդերի մեջ,
Սիրտս թողիր դարդերի մեջ։

Հավաս, երգչիդ վառ սերն է ծով,
Նման գարնան արտերի մով,
Արի ման գանք զով գիշերով
Մեր ծաղկաշատ հանդերի մեջ։
Հանդերի մեջ, վարդերի մեջ,
Սիրտս թողիր դարդերի մեջ։

ՅԱՐ, ՈՒ՞Ր ԵՍ ԴՈՒ

Ձմեռն անցավ, իմ նազելի,
Յար, չիմացա, թե ու՞ր ես դու,
Ծաղիկների հետ բուրալի,
Գարնան բացվող աղբյուր ես դու։
Յար, ո՞ւր ես դու, աղբյուր ես դու,
Ծարավ սրտի սառ ջուր ես դու։

Յար, քեզ գովեմ հազար երգով,
Հազար երգով, սիրո խոսքով,
Անուշ լեզվով, դեմ ու տեսքով,
Սրտեր այրող վառ հուր ես դու։
Յար, ո՞ւր ես դու, աղբյուր ես դու,
Ծարավ սրտի սառ ջուր ես դու։

Յար, Հավասու երգն իմանաս,
Սիրուց տանջված սիրտդ բանաս,
Ուր էլ գնաս, ուր էլ մնաս,
Առանց յարի տխուր ես դու։
Յար, ո՞ւր ես դու, աղբյուր ես դու,
Ծարավ սրտի սառ ջուր ես դու։

ԶՈՒՐ ԿԵՐԹԱՍ

Արի՛ յար ջան, արի՛, սեր ջան, լալ ու մարջան գոհար ես,
Գոհար անգին ու թանկագին, դու իմ կրծքին քնար ես,
Քնար լարով, անգին քարով, գնաս բարով, ո՞ւր կերթաս,
Արի՛, արի՛ , եղնիկ սարի, առանց յարի զուր կերթաս։

Օրն է գարուն, քեզ պես սիրուն, դու դալարուն ծաղիկ ես,
Ծաղիկ քնքուշ, բացվել ես ուշ, բուրմունքդ անուշ փնջիկ ես,
Փնջեր քաղել, սիրտս դաղել, մենակ թողել, ո՞ւր կերթաս.
Արի՛, արի՛, ծաղիկ սարի, առանց յարի զուր կերթաս։

Զուր ցավեցիր, խռովեցիր, կաքավեցիր նազենազ,
Նազերդ առար, թռչնիկ դառար, թեթև թռար վազեվազ,
Վազ տալով վար, դու սիրահար, Հավասու յար, ո՞ւր կերթաս,
Արի՛, արի՛, թռչնիկ սարի, առանց յարի զուր կերթաս։

ԿԱՐՈՏ ԿԵՐԹԱՄ

Ո՜հ, ինչ դժվար օր էր այսօր,
Երկինքս ամպոտ, միտքս մոլոր,
Սիրուդ սրով իմ սրտին խոր
Յարա տվիր, յարոտ կերթամ,
Ես քեզանից կարոտ կերթամ։

Վերջին անգամ տվիր ձեռքդ,
Էլ չեմ լսի անուշ երգդ,
Էլ չի բուժվի տված վերքդ,
Յարա տվիր, յարոտ կերթամ,
Ես քեզանիր կարոտ կերթամ։

Քեզ բան ասել շատ դժվար է,
Շատ դժվար է, անհնար է,
Վերքս անդեղ ու անճար է,
Յարա տվիր, յարոտ կերթամ,
Ես քեզանից կարոտ կերթամ։

Մեր թշնամին ուրախացավ,
Նախանձ սիրտը հանգստացավ,
Իսկ Հավասիդ վերք ստացավ,
Յարա տվիր, յարոտ կերթամ,
Ես քեզանից կարոտ կերթամ։

Ա՜Խ, ՄԻ ԱՆԳԱՄ ԷԼ ԶԻՋԵԻՐ

Ա՜խ, մի անգամ էլ զիջեիր, սիրուհիս, քեզ բան ասեի,
Նորից աչք - ունքդ գովեի, սիրուն, աննման ասեի,
Ծաղկադալար սարի նման ծոցիդ բուրաստան ասեի,
Բլբուլին կարոտով տանջող վարդով վարդարան ասեի։

Երանի՜ քեզ չճանաչող անծանոթ, օտար լինեի,
Կամ լավ ու վատից անտեղյակ, սիրուց բեխաբար լինեի,
Կամ թե մարմար կրծքիդ վրա մի ոսկեքաշ լար լինեի,
Մատաղ սրտիս քնքուշ զարկով հնչեի, ջան - ջան ասեի։

Մի անգամ ասի՝ ի՞նչ ասեմ, ասիր, տեսքիս արև ասա,
Կարմիր խնձոր անվանեցի, ասիր՝ վարդի տերև ասա,
Բոցավառ կանթեղ աչերիդ դու խնդրեցիր, թե սև ասա,
Երանի մեկ էլ երգեի, նախշուն ծիածան ասեի։

Դու Հավասուդ ելած սիրտը զովացնեիր հովի նման,
Սրբեիր արցունքն աչքերիս, չթողնեիր ծովի նման,
Ախ ու վախով չմեռնեի անբախտ Սայաթ - Նովի նման,
Սիրուն ձեռդ կրծքիս վրա, հիմա տուր վախճան, ասեի։

ՔԵԶ ԷԼ ՉԻ ՄՆԱ

Դու մի աննման փերի ես,
Քեզ նման հողածին չկա,
Միայն սիրո մեջ թերի ես,
Քեզանում սեր կարգին չկա։
Ցավ դրիր սրտիս վրա,
Հիմա ուր կուզես գնա,
Քեզ էլ չի մնա։

Շատ եմ ասել վարդ բուրավետ,
Համեմատ ել աստղերի հետ,
Հրեշտակի լույս երեսդ,
Ասում ես՝ «Քեզ բաժին չկա»:
Ցավ դրիր սրտիս վրա,
Հիմա ուր կուզես գնա,
Քեզ էլ չի մնա։

Հազար տեղով վերքս բացիր,
Սիրո ցավը դու չզգացիր,
Ինչ շահ ունես՝ վերջն իմացիր,
Որ ասեն Հավասին չկա։
Ցավ դրիր սրտիս վրա,
Հիմա ուր կուզես գնա,
Քեզ էլ չի մնա։

 

ԿԱՐՈՏԵԼ ԵՄ ԵՍ

Գուսանների լեզվով գովական աղջիկ,
Ո՞ւր ես, խինդ ու խալիդ կարոտել եմ ես,
Սարի անմահական քաղցրաբույր ծաղիկ,
Առավոտյան շաղիդ կարոտել եմ ես,
Անուշ երգ ու տաղիդ կարոտել եմ ես։

Հերոս, անվախ սիրտը չի սպասի բախտի,
Սիրունն իր նազերով քաջին կհաղթի,
Յար, ծոցիդ պարտեզն է անմահ դրախտի,
Սիրուն բախչա - բաղիդ կարոտել եմ ես,
Անուշ երգ ու տաղիդ կարոտել եմ ես։

Հավասուս մի կյանք է մեկ բարև տալդ,
Կսպանե անտարբեր հեռուն ման գալդ,
Վաղուց է չեմ լսել խոսել, խնդալդ,
Նազելիս, ծիծաղիդ կարոտել եմ ես,
Անուշ երգ ու տաղիդ կարոտել եմ ես։

ԶՈՔԱՆՉ ԽԱՆՈԻՄ

ՓԵՍԱ - Ոչ բարով գայի ձեր գեղը,
Չուտեի քո ձվաձեղը,
Խելքս տարար տեղն ու տեղը,
Ինձ խաբել ես, զոքանչ խանում,
Տխուր եմ, չեմ ուրախանում։

ԶՈՔԱՆՉ - Աղա փեսա, էս ի՞նչ արիր,
Ես գիտեմ, թե լավ լուր բերիր,
Սրտիս վրա կրակ դրիր,
Գլխիդ մատաղ, ազիզ փեսա,
Էսօր դեմքդ լավ չտեսա։

ՓԵՍԱ - Ես ձեր տանը ղոնաղ դառա,
Խոսքիդ համոզվեցի, վառա,
Իր մոր գոված աղջիկն առա,
Ինձ խաբել ես, զոքանչ խանում,
Տխուր եմ, չեմ ուրախանում ։

ԶՈՔԱՆՉ - Հոժար չես, որ մեր տուն եկար,
Աշխարհիս մեջ բախտդ գտար,
Ինձ պես կնկա փեսա եղար,
Գլխիդ մատաղ, ազիզ փեսա,
Որ իմանաս, մեծ բան է սա։

ՓԵՍԱ - Ես քեզ տեսա սիրուն խելքով,
Աղջիկդ առա մեծնանց կարգով,
Կրակն ընկա ես իմ ձեռքով,
Ինձ վառել ես, զոքանչ խանում,
Տխուր եմ, չեմ ուրախանում։

ԶՈՔԱՆՉ - Իմ աղջիկը խասից խաս է,
Մարմար ծոցի ոսկե թաս է,
Մտածելը քեզ վնաս է,
Գլխիդ մատաղ, ազիզ փեսա,
Էսօր դեմքդ լավ չտեսա։

ՓԵՍԱ - Մտածելը անօգուտ է,
Մի ճար արա, քանի շուտ է,
Լավ ուտել ու պառկել գիտե,
Ինձ խաբել ես, զոքանչ խանում,
Տխուր եմ, չեմ ուրախանում։

ԶՈՔԱՆՉ - Որ մտիկ տաս բոյին, բուսին,
Երեսմ ունի կլոր լուսին,
Անծանոթ է ձեր տան ծեսին,
Գլխիդ մատաղ, ազիզ փեսա,
Որ իմանաս, մեծ բան է սա։

ՓԵՍԱ - Կարծես խելքը գլխին յար չէ,
Սարից իջած կոպիտ արջ է,
Կարել - գործելուց խաբար չէ,
Ինձ խաբել ես, զոքանչ խանում,
Տխուր եմ, չեմ ուրախանում։

ԶՈՔԱՆՉ - Իմ աղջկան շատ մի ատե,
Սխալներին մի նախատե,
Կեսուր չունի, որ խրատե,
Գլխիդ մատաղ, ազիզ փեսա,
Որ իմանաս, մեծ բան է սա։

ՓԵՍԱ - Ես մի ջահել, մտքով թեթև,
Քեզ որ տեսա՝ մոռացա բարև,
Դու կարմիր ես, աղջիկդ սև,
Ինձ վառել ես, զոքանչ խանում,
Ես ումնո՞վ եմ ուրախանում։

ԶՈՔԱՆՉ - Հերիք խոսիս դու դուփ - դուրան,
Անմեղ տեղը ատես նրան,
Գնա կորի, լափշո բերան,
Էլի կասի զոքանչ խանում,
Տես ումնո՞վ է ուրախանում։

ՓԵՍԱ - Թե որ խիղճդ միտդ բերես,
Թե ինչ օրի մնացի ես,
Հավասին էլ ծաղրեց վրես,
Ինձ վառեցիր, զոքանչ խանում,
Տխուր եմ, չեմ ուրախանում։

ՔԱՆԻ ԳԱՐՈՒՆ Է

Եկ, իմ աննման, սրտով սիրաբան,
Տուր ինձ մի պայման, քանի գարուն է,
Դուրս գանք ման գալու, խոսել, խնդալու,
Հրճվենք ես ու դու, քանի գարուն է,
Եկ, առնենք քնար, սիրուն, ոսկելար,
Երգենք սեր ու յար, քանի գարուն է։

Նայիր արոտին, ոչխարի հոտին,
Հնչում է ուրախ հովվի մեղեդին,
Արի ման գալեն, թողնելով մահլեն՝
Գնանք մեր յայլեն, քանի գարուն է,
Եկ, առնենք քնար, սիրուն, ոսկելար,
Երգենք սեր ու յար, քանի գարուն է։

Գարուն է, գարուն, իջնում է առուն
Մեր ծաղկադալար սարերից սիրուն,
Ջուր տուր ալ վարդին, Հավասու սրտին,
Ճար արա դարդին, քանի գարուն է,
Եկ, առնենք քնար, սիրուն, ոսկելար,
Երգենք սեր ու յար, քանի գարուն է։

ՅԱՐԸ ՄԱՐԴՈՒ ՅԱՐԱ ԿՈՒՏԱ

Յարը մարդու յարա կուտա, շատ ուշ հասկացա,
Ժայռից պոկած սիրտը նրա քնքուշ հասկացա,
Յարս ինձ չասաց՝ «Դեղ տամ վերքիդ, առ դիր, ով աշուղ,
Սեր երգելուց ձեռքիդ սազը վայր դիր, ով աշուղ»:
Երանի յադ ունենայի,
Յադերից շատ ունենայի,
Սարի պես դարդ ունենայի,
Յար չունենայի։

Յարի սերը շատ անուշ է, լավին լավ չի գա,
Յարի դարդը ծակող փուշ է, ցավին ցավ չի գա,
Քաղցր է նրա տված ջուրը, անմահական է,
էլ չի հանգչի տված հուրը, հոգի կհանե։
Երանի յադ ունենայի,
Յադերից շատ ունենայի,
Սարի պես դարդ ունենայի,
Յար չունենայի։

Հազար տեսակ տանջանք կուտա վարդը բլբուլին,
Ով յար ունի՝ նա կիմանա դարդը բլբուլին,
Ես Հավասն եմ, սոխակի պես վշտերս եմ լալիս,
Սիրո հուրը իմ սրտակեզ՝ հանգիստ չի տալիս։
Երանի յադ ունենայի,
Յադերից շատ ունենայի,
Սարի պես դարդ ունենայի,
Յար չունենայի։

ՀԱՐՍԱՆՅԱՑ ԵՐԳ

Երգ ձոնեցեք ուրախ, զվարթ,
Օրն է գարուն ծաղիկների,
Որպես հոտով ու կարմիր վարդ,
Երկու սիրուն ծաղիկների։

Մեր սիրուն հարս, ջահել փեսա,
Ձեր խնջույքին ես էլ հասա,
Հարսանիքներդ բարով տեսա,
Ձեր նոր կյանքի մուրազն է սա։

Փեսան բլբուլ՝ կանցնի բաղով,
Հարսն էլ գարնան վարդն է շաղով,
Կյանքերն օրհնենք երգ ու տաղով՝
Մեր սիրասուն ծաղիկների։

Մեր սիրուն հարս, ջահել փեսա,
Ձեր խնջույքին ես էլ հասա,
Հարսանիքներդ բարով տեսա,
Ձեր նոր կյանքի մուրազն է սա։

Բաժակները լիք - լիք արեք,
Կենացները տեղով տարեք,
Հարսանիքին երգեք, պարեք՝
Նոր դալարուն ծաղիկների։

Մեր սիրուն հարս, ջահել փեսա,
Ձեր խնջույքին ես էլ հասա,
Հարսանիքներդ բարով տեսա,
Ձեր նոր կյանքի մուրազն է սա։

Իր երգով մաղթեց Հավասին,
Բախտ ու արև, սեր երկուսին,
Մեկն արև է, մեկը լուսին,
Վառ շողշողուն ծաղիկների։

Մեր սիրուն հարս, շահել փեսա,
Ձեր խնջույքին ես էլ հասա,
Հարսանիքներդ բարով տեսա,
Ձեր նոր կյանքի մուրազն է սա։

ԱԽՊԵՐ ՋԱՆ

Օտարության մեջը մաշեց իր կյանքը,
Թերի մնաց սրտի իղձն ու բաղձանքը,
Չի վերջանա հոգի հանող տանջանքը,
Օտար երկրում տխուր, տրտում, ախպեր ջան,
Իմ տանջալի, իմ անխնդում, ախպեր ջան։

Շատ վաղուց է նամակ չի գա, լուր չի գա,
Նամակն ուշանալը սրտիս դուր չի գա,
Ախպերասեր, կարոտ աչքիս քուն չի գա,
Կարոտդ հուր, ա՛խ ուր ես, ուր, ախպեր ջան,
Անմահական անուշ աղբյուր, ախպեր ջան։

Կինը որ կա օտար մարդու աղջիկ է,
Որդին որ կա, արհեստական ծաղիկ է,
Իսկ ախպերը անուշ կյանքի մասնիկ է,
Կյանքի կտոր, հոգուս հատոր, ախպեր ջան,
Ինձ թողել ես խեղճ ու մոլոր, ախպեր ջան։

Դու Հավասի, ախպեր կանչիր երգերով,
Սիրտդ լիքն է կարոտալի վերքերով,
Նա չի բուժվի օտարների ձեռքերով,
Վերքերիս դեղ, հոգով անմեղ, ախպեր ջան,
Բոյ բուսաթով, վայելչագեղ, ախպեր ջան։

ԽԱԼԴ

Սիրտս ծակեց ալմասի պես,
Աղջի, սուր դանակ է խալդ,
Երեսդ շուռ տուր ինձանից,
Այրեցիր, կրակ է խալդ։
Թուր է խալդ, սուր է խալդ,
Հոգի այրող հուր է խալդ։

Խալդ ինձ տվեց սիրո քնար,
Բաց արավ էշխի ճանապարհ,
Ցերեկն արև է ինձ համար,
Գիշերն էլ լուսնյակ է խալդ։
Թուր է խալդ, սուր է խալդ,
Հոգի այրող հուր է խալդ։

Հավասին է խալի կարոտ,
Դեղ է փնտրում սրտին յարոտ,
Ծիրանավառ ու ծաղկահոտ,
Գարնան մանուշակ է խալդ։
Թուր է խալդ, սուր է խալդ,
Հոգի այրող հուր է խալդ։

ԱՆՈՒՇ ԳԱՌՆԻԿ ԵՍ

Անուշ գառնիկ ես, գառնիկ միամոր
Նախշուն թռչնիկ ես, թռչնիկ թևավոր,
Մենակ, անընկեր, անընկեր տատրակ,
Ճամփիս կսպասես, թանկագին հոգյակ,
Թանկագին հոգյակ, սիրուն իմ սոխակ,
Սիրուն իմ սոխակ, քաղցրախոս թութակ։

Էդ բարակ բոյիդ, բոյիդ չինարի,
Մեղրածոր լեզվիդ, լեզվիդ շաքարի,
Կարոտած կգամ, կգամ երազով,
Քեզ հետ կխոսեմ սրտիս մուրազով,
Սրտիս մուրազով, իմ սիրուն սազով,
Իմ սիրուն սազով, յար ջան, քո նազով։

Գուսան Հավասն եմ, կարոտել եմ քեզ,
Ա՜խ, երբ կհասնեմ, հասնեմ սրտակեզ,
Ծաղկալից գարնան, գարնան սարերի,
Կանցնեմ վրայով սառն աղբյուրների,
Սառն աղբյուրների, անուշ ջրերի,
Անուշ ջրերի, աննման փերի։

ԻՆՉՈ՞Ւ ՍԻՐԵՑԻՐ

Ինչո՞ւ սիրեցիր, քո սերն եմ, ասիր,
Անընկեր հոգուդ ընկերն եմ, ասիր,
Ասիր, թե ավյուն, սեր պիտի տամ քեզ,
Որ դու ինձ երգես, քանի որ կամ ես,
Ա՜խ, անուշ լեզվով սիրտս գերեցիր,
Ա՜յ դու սևասիրտ, ինչո՞ւ սիրեցիր։

Ինչո՞ւ սիրեցիր, փերիդ եդեմյան,
Տեսնողին կանես խենթ ու խելահան,
Քո դեմք ու տեսքին շատերն են տարվել
Եվ նազ ու սազիդ կրակով վառվել.
Քո անուշ լեզվով սիրտս գերեցիր,
Ա՜յ դու անհոգի, ինչո՞ւ սիրեցիր։

Ինչո՞ւ սիրեցիր դիպուկ շանթի պես,
Իմ անսեր սիրտը արիր սիրակեզ,
Տվիր Հավասուն հարված մահաբեր,
Քո սերն եմ երգում ցերեկ ու գիշեր,
Յա՜ր, անուշ լեզվով սիրտս գերեցիր,
Ա՜յ դու ապերախտ, ինչո՞ւ սիրեցիր։

ԴՈՒ ՄԻ ԱՐԵՎ ԵՍ

Դու մի արև ես, արև անխավար,
Հեգ սրտիս վրա, խեղճ հոգուս համար,
Դու մի ջեյրան ես սարի սիրահար,
Որսորդին տանջող, փախչող անդադար։

Ես մի սազ ունեմ, զենք չկա ձեռքիս,
Իզուր ես փախչում, չես լսում երգիս,
Ես մի աշուղ եմ, աշուղ սիրահար,
Աշուղ անողն էլ դու ես, անջիգյար։

Ուզում եմ ասել, դու հոգեհան ես,
Հավասով սիրտս անհավաս կանես,
Ուզում եմ երգել՝ աշխարհն իմանա,
Որքոկրակինէլչեմդիմանա

ԳԱՐՈՒՆ ԵԿԱՎ

Գարուն եկավ, վարդը շաղով,
Բլբուլն եկավ անուշ խաղով,
Ես էլ հազար երգ ու խաղով
Գուսանն եմ իմ լավիկ յարին,
Իմ անուշ կաքավիկ յարին:

Ախ յարս, յարս լավն է, լավ,
Հագել է հրեղեն հալավ,
Կրակն ընկավ սիրտս, հալավ:

Ինչպես կաքավ նստի քարին,
Ձեն տա սարին, սիրած յարին,
Ես չեմ երգի սերն օտարին,
Գուսանն եմ իմ լավիկ յարին,
Իմ անուշ կաքավիկ յարին:

Ախ յարս, յարս լավն է, լավ,
Հագել է հրեղեն հալավ,
Կրակն ընկավ սիրտս, հալավ:

Ով որ ինձ նման երգիչ է,
Յարիս գովե` դարձյալ քիչ է,
Հավասն եմ, էլ ցավս ի՞նչ է,
Գուսանն եմ իմ լավիկ յարին,
Իմ անուշ կաքավիկ յարին:

Ախ յարս, յարս լավն է, լավ,
Հագել է հրեղեն հալավ,
Կրակն ընկավ սիրտս, հալավ:

 

 

Top

 
 
Copyright © 2008 - Javakhk Songbook
Reproduction in full or in part is prohibited without reference to
JavakhkMusic.com