Javakhk Music  

Գուսան Ջիվանի, բանաստեղծություններ

Gusan Jivani, lyrics
Гусан Дживани, поэзия

Հեղինակի մասին | About the author | Об авторе
Հեքիաթներ | Fairy tales (in Armenian) | Сказки (на армянском)
Ձայնագրություններ | Audio records | Aудиозаписи
Թարգմանություններ | Translations | Переводы

ԱՇՈԻՂԸ

Անթև թռչնակ է աշուղը -
Այսօր այստեղ, վաղը՝ այլ տեղ.
Դարձող ճախրիկ է աշուղը,
Այսօր, այստեղ, վաղը՝ այլ տեղ։

Մերթ անսվաղ, ծարավ, պապակ,
Մերթ անհաջող, մերթ հաջողակ,
Թափառում է նա շարունակ,
Այսօր այստեղ, վաղը՝ այլ տեղ։

Մի տեսակ լուսատըտիկ է,
Լուր տարածող մունետիկ է,
Հողմից հալածված ամպիկ է,
Այսօր այստեղ, վաղը` այլ տեղ։

Զուր հույսերով խարխափում է,
Գեղեր, քաղաքներ չափում է,
Կայծակի նմտն խփում է,
Այսօր այստեղ, վաղը՝ այլ տեղ։

Ջիվան, մի տեղ դադար չունի,
Մեղվի պես միշտ կթռչկոտի,
Այս ընթացքով պիտի մեռնի,
Գուցե այստեղ, գուցե՝ այլ տեղ։

ՀՈՎԻԿ

Առավոտյան քաղցր հովիկ,
Գնա դեպ երկիրն Ջավախ,
Ունիմ մեկ ծերունի մայրիկ,
Գնա տես ի գյուղն Կարզախ։

Այնտեղ է ազգս, երամս,
Քույր ու եղբայր, բարեկամս,
Այնտեղ մեռած պապ ու մամս,
Գերեզմանը մտած են վաղ։

Ինձանից շատ բարև արա,
Երբ դու մորս լինես ներկա,
Գնա հատկապես Կիլերթա,
Նա է մեր գյուղի մեջ մեկ թաղ։

Այն թաղի մեջն է մեր տունը,
Քերոբ է եղբորս անունը,
Ինձ համար կտրել է քունը,
Մայրս տրտում ու անծիծաղ։

Հովի՛կ, Ջիվանուցս լուր տար,
Թե հարցնեն ինձի համար՝
Ասա թե միշտ ձեռին քնար,
Ազգի համար կանչում Է խաղ։

ՄԱՅՐԻԿ

Ջուխտակ շամամներդ դրախտ ծոցիդ մեջ,
Կաթնաղբյուր են եղել ինձ համար, մայրիկ,
Տատրակի պես շատ եմ արել ելէջ,
Կրծքիդ վրա մաքուր՝ սուրբ տաճար, մայրիկ։

Ինձ համար հոյակապ կազմդ ես մաշել,
Հրճվել, ուրախացել, վրաս ես աշել,
Մինչ մեծանալս ինչե՞ր ես քաշել,
Մնացել ես անքուն, անդադար, մայրիկ։

Փոխարենը ես քեզ ոչինչ չեմ արել,
Մոտդ չեմ մնացել, չեմ մխիթարել,
Քու սուրբ պատվերներդ ճիշտ չեմ կատարել,
Թողել եմ իղձերդ անկատար, մայրիկ։

Ջիվանին եմ, սխալմունքս զգում եմ,
Ես քու հոգուդ համար միշտ աղոթում եմ.
Ներիր քու մեղավոր որդուդ, խնդրում եմ,
Եղիր երկնքումը ինձ սատար, մայրիկ։

ԸՆԿԵՐ

Բարի, գեղեցիկ, առաքինի ընկերը՝ մարդուն
Փայլեցնում է արևի պես պատկերը մարդուն,
Ինչ մարդ ունենա յուր մոտը հավատարիմ ընկեր,
Ցերեկի նման անցնում է մութ գիշերը մարդուն։

Կյանքդ, նվիրես ընկերի լավին, քիչ է դարձյալ,
Այնպես է հոգեկան լուսատու լապտերը մարդուն,
Ընկեր եմ ասում, հաստատակամ, ճշմարիտ ընկեր,
Որ բարձրացնե աստիճանը միշտ վերը մարդուն։

Թշնամիները յուր վերա գալած ժամանակը,
Կտրիճ, հարազատ ընկերն է սուսերը մարդուն,
Ով որ ունենա մտերիմ ընկեր, Ջիվան աշըղ,
Չի՛ սպիտակեր ամենին մեկ հերը մարդուն։

ՍՊԻՏԱԿ ՄԱԶԵՐ

Գույներդ փոփոխվեց, եղաք ցրտահար,
Աշնան վարդի նման, սպիտակ մազեր,
Ձեր դուրս գալու տեղը իմ հոգիս դուրս գար,
Չընկնեի այս օրվան, սպիտակ մազեր։

Կանայք երես են դարձնում ձեզանից,
Ձեր պատճառով չեն ախորժում ինձանից,
Աշխույժ երիտասարդներու շրջանից
Զրկեցիք անպիտան, սպիտակ մազեր։

Ձնոտ ամպի նման չոքեցիք գլխիս,
Արևս բռնվեց, տխրեցավ հոգիս,
Այդքան շուտով չէիք գտնի անբախտիս,
Թե լինեիք լավ բան, սպիտակ մազեր։

Ջիվանու քնարին մեծ հարված տվիք,
Զեզ տեսնելով ինձ չեն կանչում հարսանիք,
Իմ գործիս ահագին վնաս հասցրիք,
Ձախորդության նշան, սպիտակ մազեր։

ԵՍ ՔԵԶ ՏԵՍԱ

Ես քեզ տեսա մեջը այգուն,
Ճտվտալով ինչպես թռչուն,
Սրտիս սաստիկ դուր եկար դուն,
Ա՜խ, իմ սիրեկան, անուշ սիրեկան,
Կյանքիս հատորը դու ես, աննման։

Վառա, վառա, ես վառա,
Կրակիդ ճարակ դառա,
Հանգստություն չունեցա,
Մինչ իմ կարոտս չառա։

Այն օրվանից չունիմ դադար,
Ինչ քեզ տեսա, գեղատիպար,
Իսկապես եղա սիրահար,
Ա՜խ, իմ սիրեկան, անուշ սիրեկան,
Կյանքիս հատորը դու ես, աննման։

(Վառա, վառա և այլն)։

Աչքերիցդ մի կայծ թռավ,
Թռավ սրտիս մեջը ընկավ,
Ինչ կանեմ չի հանգչիր բնավ,
Ա՜խ, իմ սիրեկան, անուշ սիրեկան,
Կյանքիս հատորը դու ես, աննման։

Վառա, վառա և այլն։

Փասիան ես ոսկեփետուր,
Աչքերիդ մեջ կցոլա հար,
Թագուհին ես թռչնոց հանուր,
Ա՛խ, իմ սիրեկան, անուշ սիրեկան,
Կյանքիս հատորը դու ես, աննման։

Վառա, վառա, ես վառա,
Կրակիդ ճարակ դառա,
Հանգստություն չունեցա,
Մինչ իմ կարոտս չառա։

ՆՎԵՐ

Իմ թոռ Լուսիկին

Դրախտի տունկ, խնկի ծառ ես, Լուսաբեր,
Անուշահոտ մեկ բուրվառ ես, Լուսաբեր,
Ի՞նչ անեմ քեզ, ի՞նչ անուն տամ, հոգյակս,
Ոսկուց ձուլված գեղափայլ ես, Լուսաբեր։

Ծնողներիդ նոր, անդրանիկը, նուպարը,
Նրանց անգին մարգարիտը, գոհարը,
Դու աստղերու աշխարհից ես վար իջել,
Նրա համար շատ պայծառ ես, Լուսաբեր։

Դու Գալուստյանց շառավիղ ես, մատաղ կույս,
Ստեփանյան բուրաստանից նորաբույս,
Արաքս գետի ալիքներից գոյացած,
Սիրո ծնունդ աշխույժ զառն ես, Լուսաբեր։

Ջիվանուց էլ մի մաս ունիս, անուշիկ,
Լևոնյանց տան արենակից շատ մոտիկ,
Սովորում ես մորդ լեզուն խնդալով,
Թոթովելով կբարբառես, Լուսաբեր։

ԳՈՎԵՍՏ ԱՐԱՔՍԻ ԴՍՏԵՐՍ

Այսուհետ ինձ լույս չէ հարկավոր,
Քանի որ քեզ ունիմ, իմ ազնիվ հոգյակ, աչերդ արեգակ,
Թե ունիմ ցնծություն, քեզ եմ պարտավոր,
Դու ես ինձ համար ամեն ժամանակ կենդանի ջութակ։
Բախ լինելուս պատճառը քեզ եմ համարում,
Որ տալիս ես սրտիս լարին ընդհարում,
Քիչ կճարվի քեզ նման այս դարում,
Իմ սրտիս սիրելի դարձող հրեշտակ, սիրուն աղավնյակ։

Այտերդ անթառամ պարտեզի ծաղիկ,
Շրթունքներդ մեղրից, շաքարից անուշիկ,
Վերջապես ինձ համար, ով իմ գեղեցիկ,
Չկա ողջ աշխարհը քեզ նմանակ, դուն ես միայնակ։

Քաղցրախոս թռչնիկներ անհամար, անթիվ,
Անուշ ձայնիդ համար քեզ կուտան պատիվ,
Պատկերդ գրավիչ, անունդ ազնիվ,
Դուն ես առավոտյան պայծառ արուսյակ, ուշիմ, ընդունակ։

ՍԱՐԻ ՍԻՐՈԻՆ ԵՂՆԻԿ

Սարի սիրուն եղնիկ, նորահաս ծաղիկ,
Գեղատեսիլ աղջիկ, մոտս ման արի,
Լեզուդ անուշ, քաղցրիկ, բերանդ մեղմիկ,
Պար գալող կաքավիկ, մոտս ման արի։

Բնությունդ համեղ, ինքդ ազնիվ ցեղ,
Սիրուն, վայելչագեղ, աչքերդ, կանթեղ,
Թերթիչներդ ասեղ, ունքերդ աղեղ,
Մի գնալ ուրիշ տեղ, մոտս ման արի։

Պարկեշտ, բարեհասակ, դրախտաբնակ,
Դու անմեղ հրեշտակ, չունիս նմանակ,
Ով է քեզ հակառակ, ասա, իմ հոգյակ,
Միշտ ազատ, համարձակ մոտս ման արի։

Խոստանում է գարուն կերպդ զվարթուն,
Ունիս պարկեշտ անուն, համեստ սիրասուն,
Զուգվել ես զարդարուն, աղավնյակ ես դուն,
Ձեռքս բռնե, սիրուն, մոտս ման արի։

Ջիվանուս տարփալին, սրտիս ըղձալին,
Իմ հոգուս անձկալին, մտքիս պանծալին,
Ծառերի պտղալին, անուշ խնկալին,
Կյանքիս զվարճալին, մոտս ման արի։

ՊՍՂ ԱՂԲՅՈԻՐԻ ՄՈՏ

Պաղ աղբյուրի մոտը կանգնած մի աղջիկ,
Ձեռքին սափոր լցրած, ջուրն էր անուշիկ,
Աչք ու ունքը ղալամով քաշած, գեղեցիկ.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Պաղ աղբյուրի մոտը, պարտիզում նստած,
Ունեին լավ գինի, գառի խորոված,
Երգում էին, պարում էին, բոլորած.
Մայրիկ զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Ման էր գալիս ընկերներով միասին,
Կարծես հրեշտակ էր, չէր նա հողածին,
Մազերը ոսկեգույն, ճակատը լուսին.
Մայրիկ զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Ցերեկը անդադար նորան եմ հիշում,
Գիշերն էլ երազիս մեջն եմ տեսնում,
Տոչորված ման կուգամ խեղճ, մոլոր, տրտում.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

Ա՜խ, երանի այն ավուր, հազար երանի,
Տեսությանը կրկին լինեմ արժանի,
Առանց նրան ես չեմ մնար կենդանի.
Մայրիկ, զարնվեցա, սիրում եմ նորան,
Մի փոքր ակնարկով արավ ինձ նշան։

ԵՐԵԿՈՅԱՆ ԴԵՄ ԱՐԻ

Թե պիտի գաս, ո՛վ սիրելի, երեկոյան դեմ արի,
Շատ մի ուշանալ, նազելի, երեկոյան դեմ արի,
Ցերեկը փակվիր սենյակում, մի երևար ոչ ոքի,
Շատ շատերին չես հաճելի, երեկոյան դեմ արի։

Արևը նախանձելով այրել կուզե քո պատկերդ,
Զգուշացիր, երանելի, երեկոյան դեմ արի,
Ես ու դու, աստված միայն գիտենանք պիտի մեր գաղտնիքը,
էլ չեմ ասում քեզ ավելի, երեկոյան դեմ արի։

Գիշերը հանգիստ, խաղաղ նստենք մի տեղ, զրույց անենք,
Իմ գեղեցիկ, իմ գովելի, երեկոյան դեմ արի,
Շոգերին դուրս է գալիս յուր բնիցը վատ սողունը,
Թունավոր օձը, գարշելի, երեկոյան դեմ արի։

Թող օդը քիչ մեղմանա, քաղցր զեփյուռը թող փչե,
Բարձրապատիվ երևելի, երեկոյան դեմ արի,
Տարածէ, բազուկներդ եղբորդ՝ Ջիվանու վզով,
Սպիտակ շուշան փարելի, երեկոյան դեմ արի։

ԱՍԻ - ԱՍԱՎ

Ասի, սիրուն, է՞ր ես տխուր,
Ասավ` սիրտս վիրավոր է,
Ասի նեկտար խմե մաքուր,
Ասավ՝ լավը չէ, պղտոր է։

Ասի, սիրուն, քիչ կաքավե,
Ասավ՝ հերիք խոսիս, բավ է։
Ասի, սիրուն, մարդդ լա՞վ է,
Ասավ՝ ծեր է, ալևոր է։

Ասի, սիրուն աղջիկ ես դու,
Ասավ՝ խելքից պակաս ես դու,
Ասի, սիրուն, աստղիկ ես դու,
Ասավ՝ ոչ, նա լուսավոր է։

Ասի, սիրուն, եկ ինձ պաչե,
Ասավ՝ ամոթ է, ամաչե,
Ասի, Ջիվանուն ճանաչե,
Ասավ՝ ինձ ի՞նչ հարկավոր է։

ՁԱԽՈՐԴ ՕՐԵՐ

Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան,
Վհատելու չէ, վերջ կունենան, կուգան ու կերթան։
Դառն ցավերը մարդու վերա չեն մնա երկար,
Որպես հաճախորդ շարվե-շարան կուգան ու կերթան։

Փորձանք, հալածանք նեղություն ազգերի գլխից,
Ինչպես ճանապարհի կարավան կուգան ու կերթան,
Աշխարհը բուրաստան է հատուկ, մարդիկը ծաղիկ,
Որքան մանուշակ, վարդ, բալասան կուգան ու կերթան։

Ոչ ուժեղը թող պարծենա, ոչ տկարը տխրի,
Փոփոխակի անցքեր զանազան, կուգան ու կերթան,
Արևը առանց վախենալու ցայտում է լույսը,
Ամպերը դեպի աղոթարան կուգան ու կերթան։

Երկիրը ուսյալ զավակին է փայփայում մոր պես,
Անկիրթ ցեղերը թափառական, կուգան ու կերթան,
Աշխարհը հյուրանոց է, Ջիվան, մարդիկ հյուր են,
Այսպես է կանոնը բնական, կուգան ու կերթան։

ԱԶԳ ԻՄ

Ազգ իմ, որքան նկուն մնաս,
Սիրտս քեզանից չի զատվի,
Հազար տեսակ չարչարանք տաս,
Սիրտս քեզանից չի զատվի։

Քեզ չեմ մոռանա հավիտյան,
Հարազատ մայր իմ Հայաստան,
Թեկուզ դրախտն էլ ինձ տան,
Սիրտս քեզանից չի զատվի։

Քեզանով եմ ես երջանիկ,
Իմ սիրելի, իմ անուշիկ,
Ծոցիդ մեջը հանգչիմ, մայրիկ,
Սիրտս քեզանից չի զատվի։

Ջիվանին եմ քեզ բարեկամ,
Քանի ողջ եմ, ամենայն ժամ,
Հնդկաստանին էլ տեր դառնամ,
Սիրտս քեզանից չի զատվի։

ԵՍ ՄԵԿ ԾԱՌ ԵՄ ԾԻՐԱՆԻ

Ես մեկ ծառ եմ ծիրանի,
Հին արմատ եմ անվանի,
Պտուղներս քաղցրահամ,
Բոլոր մարդկանց պիտանի։

Հին ծառ եմ արևելյան,
Չունիմ որոշ այգեպան,
Տունկերս ամեն երկիր
Ընկած են բաժան-բաժան։

Արևելքում ինձ տնկեց,
Երբ որ աստված ստեղծեց՝
Ասաց՝ աճե, բազմացիր,
Մի այգի էլ ինձ տվեց։

Ուղարկեց մի այգեպան -
Հարավից հսկա իշխան,
Այն հսկայի անունով
Կոչվեցա ծառ հայկական։

Չորս հազար տարվա ծառ եմ,
Արմատս պինդ, կայտառ եմ,
Թեպետ ուժս պակաս է,
Բայց անունով պայծառ եմ։

ԽԵԼՔԻ ԱՇԵՑԵՔ

Նվեր ալեքսանդրապոլցի
Պ. Հովհաննես Խոջայանցին

Անմիտ ճնճղուկը բազեի ճանկից
Ուզում է որս խլել, խելքի աշեցեք,
Կարծես ձանձրացել է գլխից ու գանգից.
Պատերազմ է մտել, խելքի աշեցեք։

Խելքին զոռ տալով է հիմա ամեն բան,
Հիմարն էլ իմաստուն կարծում է իրան,
Նիհար հավը պարարտ, մեծ սագի նման
Ուզում է ձու ածել, խելքի աշեցեք։

Ազնիվ մարդը անարգվում է գեշի հետ,
Երիվարը լուծ է քաշում էշի հետ,
Երկու տարվա հորթը ցուլ - գոմեշի հետ
Բերել կամ են լծել, խելքի աշեցեք։

Գայլը վրան ոչխարի մորթի առած,
Գառներուն պահապան հսկող է դառած,
Աքլորը քարոզչի վերարկու հագած
Ամբիոն է ելել, խելքի աշեցեք։

Ուղտը մետաքսագործ, եզը նավավար,
Գայլը հովիվ դառած կարածե ոչխար,
Աղվեսը հավնոցի դռանն հուշարար,
Ի՞նչ հսկող են գտել, խելքի աշեցեք։
Երեխան ձեռն առած փտած, հին լարը,
Բռնել կամի դարձող ջաղացի քարը.
Գաճաճ մուկը շրջել կուզե մեծ սարը,
Կողքը դեմ է տվել, խելքի աշեցեք։

Ուրացողը խիղճ չունի ամենևին,
Չզգալով, սպիտակ ասում է սևին,
Կույրը չտեսնելով լույսը արևին,
Աշխատում է ստել, խելքի աշեցեք։

Ավել հոգսը վնաս կուտա յուր անձին,
Ուրիշի ցավերը առնելով վզին,
Գայլը հոշոտել է մարդացեց մեկին,
Խենթը սև է հագել, խելքի աշեցեք։

Գորտը մեծ պարոնն է տաքուկ ջրհորին,
Դուրս ելավ, բաժինն է վիշապի փորին.
Իրար հետ սուտ կռվել են ձին ու ջորին,
էշը մեջ է ընկել, խելքի աշեցեք։

Ժլատն աշխատելու է շատ ընդունակ.
Յուր հացը ուտելու չունի ախորժակ.
Խեղճ անձը զրկելով դիզել է ստակ,
Ուրիշն է վայելել, խելքի աշեցեք։

Հանցավոր հարուստը ուրախ խնդալով,
Մեղքից ազատվել է մեծ գումար տալով.
Խեղճ մարդը սխալմամբ մի հավ գողնալով,
Բանտի մեջ է փտել, խելքի աշեցեք։

Մարդ կա գերդաստանը պահում է ցամաք.
Կերթա դուրսը կուտե մեղր ու սեր, կարագ,
Այլոց համար կանե ձայնով պատարագ.
Իրան ժամ չի անիլ, խելքի աշեցեք։

Մի նոր քաղաք տեսա ժամի սիրահար,
Բնակիչները հայ, մոտ քսան հազար,
Իրանք սնունդ չունին ապրելու համար.
Հինգ հատ վանք են շինել, խելքի աշեցեք։

Ինչ կենդանի ուզե լինել շանսատակ,
Կերթա ու կմտնի ծանր բեռի տակ,
Նապաստակը առյուծի դեմ համարձակ
Կռիվ է սկսել, խելքի աշեցեք։

Ցորենը մի անգամ լինելով տկար,
Այնպես բույս չեն գտել, որ անեն նշխար.
Կորեկ հացը իրան կարծելով հարմար
Սեղան է բարձրացել, խելքի աշեցեք։

Մեծամեծ մարդիկը հեռու են կանգնած,
Ասպարեզը համբակներուն են թողած.
Ջիվանն էլ կաղ իշով կարավան մտած՝
Բանաստեղծ է դարձել, խելքի աշեցեք։

ԱԶԱՊՆ ՈԻ ԿԱՐԳԱԾԸ

(Ամուրին ու ամուսնացածը)

Ազապն ու կարգածը նստած մի անգամ,
Խոսում էին իրարու հետ այս տեսակ.
Կարգածն ազապին ասավ, - բարեկամ,
Հերիք մնաս խեղճ ու մոլոր միայնակ։

Ազապն ասավ, - ինձ մի կարծիր խեղճ, մոլոր,
Ազատ, անհոգ ես եմ հատուկ բախտավոր,
Խմբով սիրունները իմս են բոլոր,
Կնայեմ ամենին ազատ, համարձակ։

Կարգածն ասավ,- քեզի կուտամ մի պատվեր,
Դու սուրբ ամուսնության եկ, ունեցիր սեր.
Սիրունների ամեն մեկն էլ ունեն տեր,
Կմորթեն թշվառիդ անսուր, անդանակ։

Ազապն ասավ, - ես եմ առույգ, գեղեցիկ,
Ուրախ, անհոգ, բախտով աջող, երջանիկ,
Որտեղ որ տեսնում եմ մեկ սիրուն աղջիկ,
Ինձ կկարծեմ նրան հարմար ընդունակ։

Կարգածն ասավ,- երջանիկ չես, թշվառ ես,
Մարդկության անօգուտ, անպտուղ ծառ ես.
Դու կաշխատես, այլոց թոնիր կվառես,
Թողնում ես քու տունդ անծուխ, անկրակ։

Ազապն ասավ, - մարդ չի խոսիր ինձ վրա,
Ես եմ անկախ, ինքնագլուխ մեկ տղա.
Ինձանից ոչ հալավ, ոչ հաց ուզող կա,
Կուտեմ, խմեմ, ուրախ կապրեմ շարունակ։

Կարգածն ասավ,- ունեմ համեստ ամուսին,
Տիրոջ փառքը վայելում ենք միասին.
Աստված պարգևել է ինձի թանկագին,
Ունեմ երկու, երեք պաշտելի զավակ։

Ազապն ասավ, - լավ է այսպես մնալը.
Քան թե ամուսնանալ, վերջը զղջալը.
Շատ դժվար է զավակներու հոգալը,
Իմ ինչ պետքն է ընկնել մեծ ցավերու տակ։

Կուրգածն ասավ, - դա է քո պատասխանը,
Չի զղջա ով գիտե իր արած բանը,
Հեշտ կկառավարե նա գերդաստանը՝
Ինչ մարդ գիտե ապրուստի լավ եղանակը։

Ազապն ասավ, - կուզեմ միշտ ազատ ման գալ,
Տնական հոգսերով չեմ ուզեր տնքալ.
Շատերը կցանկան աղջիկն ինձ տալ,
Օրը հազար տեղից գալիս են խնդրակ։

Կարգածն ասավ,- պարապ մարդը ջանք չունի,
Օրերը զուր կանցնեն, աշխատանք չունի,
Չգիտե՞ս կին չունեցողը կյանք չունի,
Աբեղա էլ լինի է ցավոց ճարակ։

Ազապն ասավ, - չեմ համոզվիր հավիտյան
Կամ թե ոտս կապել խեղճ հավի նման,
Ման կուգամ ամեն տեղ որպես ինքնիշխան,
Բեռի տակ մտնելու չունեմ նպատակ։

Կարգածն ասավ,- երբ որ կերթամ դեպի տուն`
Կբացվի իմ սիրտս ինչպես նոր գարուն.
Կինս, զավակներս ուրախ, զվարթուն,
Դեմ կվազեն իրար տալով աղաղակ։

Ազապն ասավ, - ունեմ ես շատ օթևան.
Ամեն օր կունենամ նոր-նոր սիրական,
Իմ գիշերվա ընկերներս ողջ մնան,
Ինձ համար կյանք կուտան ամեն ժամանակ։
Կարգածն աասվ,- ես եմ միշտ բարեհամբավ,
Տանս կյանքը խաղաղ, կեցությունս լավ.
Կմոռանամ բոլորովին հոգս ու ցավ,
Երբ երգում են զավակներս ներդաշնակ։

Ազապն ասավ, - չկա ինձ պես ինքնակամ
Կարգածներու մեջը գիտցիր, բարեկամ,
Թևս բռնող չկա, ուր ուզեմ կերթամ,
Քեզ նման իմ վիզս չեմ ձգեր օղակ։

Կարգածն ասավ, - քանի փոքր է հասակդ,
Պարծանքով կփայլի քո դրոշակդ,
Երբ մեծանաս կմարի այդ կրակդ,
Կմեռնիս անսերունդ և անհիշատակ։

Ազապն ասավ, - այդ խոսքիդ դեմ չունեմ փաստ,
Իրավ որ ազապը խեղճ է ու նվաստ.
Ասա, հրամանիդ կանգնած եմ պատրաստ
Եղիր տառապելույս բարի օրինակ։

Կարգածն ազապի գործերը սարքեց,
Եղավ խաչքավորը, պսակեց, կարգեց,
Ազապն էլ կարգածի խորհուրդը հարգեց.
Աշխարհի օրենքին դարձավ հպատակ։

Ջիվան, բավ Է մեկին առողջ կին մեկ հատ,
Անօրեն է, ով որ կին կպահե շատ.
Պիտի վարվի յուր ծագումին համեմատ,
Մարդ ոչ անասուն է ոչ հրեշտակ։

ԱՅԾՅԱՄ

Անհոգ ես, չես գիտեր ինչ կա քո մասին,
Պտտվում են քո խեղճ անձիդ վնասին,
Գամփռներով, բարակներով միասին.

Փախի՛ր, այծյամ, փախի՛ր, որսկանն է գալիս,
Ձագուկներդ տխուր, լալիս են, լալիս։

Որսկանը ճրագով քեզի ման կուգա,
Կուզե ձեռքերը քո արյունով լվա,
Խղճալի, քո տեղյակ սար ու ձոր կուլա,

Փախի՛ր, այծյամ, փախի՛ր, որսկանն է գալիս.
Ձագուկներդ տխուր, լալիս են, լալիս։

Որսկանը գութ չունի, կանե կրակը,
Կամ քեզի կսպանե կամ քո զավակը,
Զուր չի անցնի հրացանի գնդակը.

Փախի՛ր, այծյամ, փախի՛ր, որսկանն է գալիս,
Ձագուկներդ տխուր, լալիս են, լալիս։

Դաշտումը չես ման գար, թե մտածես լավ,
Քեզ կվիրավորեն, կստանաս մեծ ցավ,
Դուրս մի ելներ խիտ անտառից դու բնավ.

Փախի՛ր, այծյամ, փախի՛ր, որսկանն է գալիս,
Ձագուկներդ տխուր, լալիս են, լալիս։

Ձորերը մի մտնիր, վտանգավոր է,
Որսկանը ման կուգա, այնտեղ սովոր է,
Քարայրից խփելով քեզ կգլորե.

Փախի՛ր, այծյամ, փախի՛ր, որսկանն է գալիս,
Ձագուկներդ տխուր, լալիս են, լալիս։

 

ԱԶԳՈՒՐԱՑԸ

Ով յուր ազգը ուրանա,
Երկու աչքով կուրանա.
Հետնյալ աղքատի նման,
Դռնեիդուռ մուրանա։

Կշտին դիպչի գեղարդը,
Սրտիցը թափի լյարդը,
Դժոխքի բռնցկելիք
Լինի ազգուրաց մարդը։

Կեղծ ու պատիր հնչողին,
Կատվի պես մռնչողին,
Աստված աշխարհից ջնջե
Հայ անունը ջնջողին։

Հայը որբ ժողովուրդ է,
Օտարաց մեջ խառնուրդ է,
Ազգուրաց, աստվածուրաց -
Երկուսը մեկ խորհուրդ է։

Երբ որ հայը գումարվի,
Նրան չի հավասարվի,
Հայերեն չգիտեցողը
Կիսատ հայ կհամարվի։

Ազգուրացը անմիտ է,
Յուր ազգին ծուռ կդիտե,
Բթամիտ շահասերը
Ազգությունը ի՞նչ գիտե։

Որոնե Հայաստանը,
Հայրենիքիդ նշանը.
Ինչպես հայ ծնար մորից,
Հայ մտիր գերեզմանը։

Ով դու, հայ մարդ, զորացիր,
Լուսնի նման նորացիր,
Ոչ այլազգին անարգե,
Ոչ քու ազգդ ուրացիր։

Ինքնիշխան անձիդ սիրե,
Կյանքդ նրան նվիրե,
Քրիստոսից ավանդած
Հայի կրոնն էլ սիրե։

Աստված տվեց նմանը,
Ամենին յուր արժանը,
Ազգուրացը Վասակն է,
Ազգասերը՝ Վարդանը։

Թե կհիշվի Վասակը,
Բայց վատ է նպատակը,
Պիտի խոսվի միշտ բարի
Վարդանա հիշատակը։

.....................................
.....................................

Ահա երկու ճանապարհ,
Որին կուզես հետի։

 

ՔԱՋ ՎԱՐԴԱՆ

Ավարայրի դաշտը ներկեց արյունդ,
Կարմիր Վարդան, հզոր Վարդան, քաջ Վարդան.
Ազգե-ազգ կհիշվի անմահ անունդ՝
Կարմիր Վարդան, հզոր Վարդան, քաջ Վարդան,
Խորտակեցիր ծանր լուծը պարսկական:

Մեռար` թողիր անմահ անուն հիշատակ,
Քո գործքերով դարձար բարի օրինակ.
Դու սուրբ գործի համար եղար նահատակ.
Անմահ Վարդան, հզոր Վարդան, քաջՎարդան,
Խորտակեցիր ծանր լուծը պարսկական։

Քեզ գրգռեց ջերմ հայրենյաց եռանդը,
Պաշտպանեցիր փրկչիդ տված ավանդը,
Դուրս վանեցիր Զրադաշտյան աղանդը,
Դու վեհ Վարդան, հզոր Վարդան, քաջ Վարդան.
Խորտակեցիր ծանր լուծը պարսկական։

ՕՏԱՐԱԿԱՆԻ ԵՐԳԸ

Օտարության մեջը զուր անցավ ջանքս,
Կարոտդ քաշելով մաշեցի կյանքս,
Կրկին դեպի քեզ է սիրտս, բաղձանքս.
Ա՜խ իմ երկիր, անուշ երկիր հայրական,
Պապիս, մամիս, նախնիքներուս օթան։

Ծննդավայր, երբ քեզանից հեռացա,
Կարծես դրախտից դժոխքը ընկա,
Համդ ու արժեքդ ես նոր իմացա.
Ա՜խ իմ երկիր, անուշ երկիր հայրական,
Պապիս, մամիս, նախնիքներուս օթան։

Տկարներուն թե չճնշե հզորը,
Կարելի՞ է որդին մոռանա հորը,
Մանավանդ քեզ նման հարազատ մորը.
Ա՜խ իմ երկիր, անուշ երկիր հայրական,
Պապիս, մամիս, նախնիքներուս օթան։

Օտարության հացը ասացին մեծկակ,
Բայց գնացի, տեսա փոքր նկանակ,
Դառնահամ, անաճուն, սպառող քսակ,
Ա՜խ, իմ երկիր, անուշ երկիր հայրական,
Պապիս, մամիս, նախնիքներուս օթան։

ԹԻՖԼԻՍԸ

Իմ կարողության չափ որքան որ գիտեմ,
Պիտի գովեմ ես աննման Թիֆլիսը,
Կյանքիս մեջ ես վատություն տեսած չեմ,
Ինձ հարգել է միշտ պատվական Թիֆլիսը։

Աստված օրհնե սորա հողն ու ջուրը,
Բազմացնե գործը առևտուրը,
Հետը ոսկի բերե պատմական Կուրը,
Փարթամանա ազնվական Թիֆլիսը։

Բազմալեզու, բազմակրոն, բազմամարդ,
Ժողովուրդը անհոգ, ուրախ ու զվարթ,
Կարմրաթուշ, թե ծեր, թե երիտասարդ,
Սիրուններու բնակարան Թիֆլիսը։

Մայիս ամսում կարծես դրախտ կդառնա,
Ամեն մարդ ժպտալով տանից դուրս կուգա,
Գնում են Մուշտայիդ Օրթաճալա,
Կյանք կստանա հին բուրաստան Թիֆլիսը։

Ողջ Կովկասի քաղաքների թագուհին,
Ինչպես աստղերու մեջ փայլող՝ մի լուսին,
Յոթը միլիոն ժողովրդի մայր տիկին,
Տարածում է վեհ հրաման Թիֆլիսը։

Այստեղի մարդկանց մեջ չկա իմ ու քու,
Իրար հարգող, հնազանդ, հլու,
Ամեն շաբաթ տոն է մեկ եկեղեցու,
Ունի բազում զբոսարան Թիֆլիսը։

Տվել է տերության մեծամեծ մարդիկ,
Քաջ - քաջ գեներալներ, գիտնական անձինք,
Հայրենիքի համար գործել են բարիք,
Լսել, հրճվել է պատվարժան Թիֆլիսը։

Ունի երկու մեծ բանտ, ունի ամրոցներ,
Մեծ հոյակապ տներ, լայն - նեղ փողոցներ,
Ունի արհեստանոց, կերպ - կերպ դպրոցներ,
Ափսոս չունի համալսարան Թիֆլիսը։

Հարուստը շատ հարուստ կապրի ապահով,
Աղքատը՝ ծայրահեղ աղքատ, տունը՝ սով,
Հանքային ջրերով, բաղանիքներով
Համարվում է բժշկարան Թիֆլիսը։

Թիֆլիսը Կովկասի համար ճրագ է,
Զարգացած մարդկանցով պսակ ու թագ է,
Կարելի է ասել հավաքաքաղ է,
Պահում է շատ հայադավան Թիֆլիսը։

Բարեմաղթենք լինի Լոնդոնի նման,
Զարգանա արհեստով, ծաղկի ամեն բան,
Ամեն մեկում հարյուրավոր բանվոր կան,
Պատրաստել է վեց գործարան Թիֆլիսը։

Մեծ մարդկանց մարմիններ իբր գանձ անգին,
Պահում է շիրիմներ շինած ամենին,
Մեկը Վարանցովին, մյուսը Պուշկինին,
Կանգնեցրել է ջուխտ արձան Թիֆլիսը։

Կա տասը լրագիր լեզվով չորս տեսակ,
Բոլորն էլ մարդկության օգուտ, ընդունակ,
Ամենն էլ բանում են, գործերն աջողակ,
Ունի վեց, յոթ տպարան Թիֆլիսը։

Կան ընկերություններ բարձրից հաստատված,
Օրենքով ճանաչված ու գնահատված,
Կարծես հանգամանքից հատուկ խրատված,
Դառնալու է բարոյական Թիֆլիսը։

Ազատվելով բարբարոսաց ձեռքիցը,
Հին ցավերը նա հանել է մտքիցը,
Չար ու բարի շատ են անցել գլխիցը,
Կլինի հազար տարեկան Թիֆլիսը։

Թե գնալու լինինք հարյուր տարի ետ,
Քաղաքումս եղել է առանձին ջոկ պետ,
Այժմ միացած է Ռուսիայի հետ,
Հնում է եղել Վրաստան Թիֆլիսը։

Քաշող զորություն կա սրանում հատուկ,
Գալիս են օտարներ հայտնի, թե ծածուկ,
Որքան պանդուխտներու ջրումն ինչպես ձուկ
Որսացել է որպես ուռկան Թիֆլիսը։

Փուլի կողմից հարուստ հայերն են այստեղ,
Վրացիք էլ ունեն կալվածքներ շքեղ,
Հին ցեղի իշխաններ փարթամ, փառահեղ
Ծոցումն ունի մայր սիրական Թիֆլիսը։

Երկաթուղիները գոռում են, գոչում,
Ամեն օր մարդ, ապրանք այստեղ են լցնում,
Բաքվի ու Բաթումի մեջտեղն է ընկնում
Առուտուրի մեծ կայարան Թիֆլիսը։

էլ որքան թաթ, մուրթադ, որ կա Իրանում,
Միշտ լցվում են Կովկաս փող են տանում,
Ինչքան հիվանդ, կույր, կաղ, խեղ է պահպանում
Անկյալներու պատսպարան Թիֆլիսը։

Ջիվան, աստված երկար օրեր կամենա,
Տոկուն լինի հոսանքներուն դիմանա,
Շեն ու հաստատ լինի, ծաղկի, զարգանա,
Չընկճվի մինչ հավիտյան Թիֆլիսը

ՄԱՅՐԻԿ

Ջխտակ շամամներըդ դրախտ ծոցիդ մեջ,
Կաթնաղբյուր են եղել ինձ համար, մայրիկ,
Տատրակի պես շատ եմ արել ելևէջ,
Կրծքիդ վրա մաքուր` սուրբ տաճար մայրիկ,
սուրբ տաճար մայրիկ:

Ինձ համար հոյակապ կազմդ ես մաշել,
Հրճվել, ուրախացել, վրաս ես աշել.
Մինչև մեծանալըս, ինչե՜ր ես քաշել,
Մնացել ես անքուն, անդադար, մայրիկ,
անդադար, մայրիկ:

Ջիվանին եմ, ես քեզ ոչինչ չեմ արել,
Մոտըդ չեմ մնացել, չեմ մխիթարել,
Քու լավ պատվերներըդ ճիշտ չեմ կատարել,
Թողել եմ իղձերըդ անկատար, մայրիկ,
անկատար, մայրիկ:

ՍԱՍՈՒՆԱՍԱՐ

Առանց վախի, առանց ահի
Քաջերու տուն, Սասունարար,
Քեզնից հրդեհ կպատահի,
Կրակի բուն, Սասունասար:

Այնպես դիրք բռնվեց Հովնանը,
Որ սաստեց Արաբիստանը,
Քեզ չհաղթեց Չինգիզ խանը,
Կեցար կանգուն, Սասունասար:

Հայաստանը նորեն կանչեց,
Թշնամին տեսավ` ամաչեց,
Եւրոպան քեզի Ճանաչեց,
Առար անուն, Սասունասար:

Վերցավ խավար գիշերը,
Վառվեց երկնային լապտերը,
Կսպասեն բոլոր հայերը,
Քեզնից գարուն, Սասունասար:

 

Top

 
 
Copyright © 2008 - Javakhk Songbook
Reproduction in full or in part is prohibited without reference to
JavakhkMusic.com