Javakhk Music  

Գուսան Ջիվանի, հեքիաթներ

Gusan Jivani, fairy-tales
Гусан Дживани, сказки

Հեղինակի մասին | About the author | Об авторе
Բանաստեղծությունները | Lyrics (in Armenian) | Поэзия (на армянском)
Ձայնագրություններ | Audio records | Aудиозаписи
Թարգմանություններ | Translations | Переводы


Աշուղ Ղարիբ | Ashug Garib (in Armenian) | Ашуг Гариб (на армянском) >
Քյարամ և Ասլի | Karam and Asli (in Armenian) | Kярам и Асли (на армянском) >

Աշուղ Ղարիբ

ԳԼԽԻԴ ՄԱՏԱՂ ԼԻՆԵՄ

Գլխիդ մատաղ լինիմ, ծերունի հայրիկ,
Մայրս եկեղեցու գավթումը մնաց.
Ողորմություն արա, մի տեղ տուր փոքրիկ,
Մայրս եկեղեցու գավթումը մնաց։

Կորավ կարողությունս, կորավ ամեն բան…
Ես էլ մարդ էի, եղա աննշան...
Խնդրում եմ շնորհես ինձ մի օթան,
Մայրս եկեղեցու գավթումը մնաց։

Հուսով եմ, որ ինձի դու մի տեղ կտաս,
Ընկածներու դրությունը կզգաս,
Մայրս մեռնի, դու մեղքի մեջ կմնաս,
Մայրս եկեղեցու գավթումը մնաց։

Մեկ կողմից ձյուն կուգա, մեկ կողմից անձրև,
Դարձել ենք խեղճ թռչուն, անբուն, առանց թև,
Քեզանից կսպասեմ այսօր մի պարգ,
Մայրս եկեղեցու գավթումը մնաց։

ԵՐԱՆԻ ՁԵԶ

Երանի ձեզ, որ գնում եք հայրենիք,
Կազմել եք ի՞նչ սիրուն երամ, կռունկներ,
Թիֆլիսի վերայով անցեք, սիրելիք,
Իջեք այնտեղ գեթ մի անգամ, կռունկներ։

Ո՜հ, անմեղ թռչուններ, անցավ, անկրակ,
Երգում եք միասին ուրախ, ներդաշնակ,
Սպասեցեք մի քիչ գրեմ մի նամակ,
Տարեք Շահ-Սանամին, ձեզ տամ, կռունկներ։

Ես անբախտ Ղարիբն եմ հուզված ու տխուր,
Կրում եմ սրտիս մեջ անհանգչելի հուր,
Ինձանից մորս տարեք լուր,
Անդ հյուր եղեք, գոնե մի ժամ, կռունկներ։

ԵԿԱ ԱՆՑՆԵԼՈԻ

Եկա անցնելու քեզանից,
Արաքս, ինձ մի ճանապարհ տուր,
Հեռացել եմ տեղից - տանից,
Արաքս, ինձ մի ճանապարհ տուր։

Այս աշխարհն է հին Հայաստան,
Նախնյաց մերոց էր օրորան,
Ինձի երեք սպասող կան,
Արաքս, ինձ մի ճանապարհ տուր։

Ոռոգում ես դու երկիրը,
Գետերի միջում ընտիրը,
Լսե Ղարիբիս խնդիրը,
Արաքս, ինձ մի ճանապարհ տուր։

ԵԿ, ՏՈԻՐ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԴ

Ղարիբը

Եկ, տուր օրհնությունդ, մայր իմ հարազատ,
Գնամ օտար երկիր՝ ման գամ մեկ միջոց.
Ետ կենալ չի լինի, վճռել եմ հաստատ,
Գնամ օտար երկիր ման գամ մեկ միջոց։

Մայրը

Սիրտս ցավով լցրիր, սիրելի որդի,
Հեռու տեղ գնալով մի լացներ մեզի,
Առանց քեզ կյանք չունիմ, խելքս կթռչի,
Հեռու տեղ գնալով մի լացներ մեզի։

Ղարիբը

Թե չունինք մենք տեր, չունինք բարեկամ,
Բայց աստված կօգնե խեղճին հարաժամ.
Կանչե քույրս տեսնեմ ես վերջին անգամ,
Գնամ օտար երկիր ման գամ մեկ միջոց։

Մայրը

Աստվածանից գտնի մեզ դավ անողը,
Մորից քրոջից քեզ բաժանողը,
Ո՞վ է քեզ օտար երկիր տանողը,
Հեռու տեղ գնալով մի լացներ մեզի։

Ղարիբը

Արի միակ քույր իմ, արի, ո՜հ, մի լար,
Լեր ծերունի մորդ ինքդ մխիթար.
Աղոթե միշտ պանդուխտ եղբորդ համար,
Գնամ օտար երկիր ման գամ մեկ միջոց։

ԹՈՂ, ՍԱՆԱՄ, ԵՐԵՍԻԴ ՄՏԻԿ ՏԱՄ

Թող, Սանամ, երեսիդ մեկ կուշտ մտիկ տամ,
Վարսերդ նոր մեկանց մի անել դիմակ,
Վառվռուն սոխակիս դու վարդ անթառամ,
Այրված եմ արդեն, մի տալ նոր կրակ։
Երկրորդ Անահիտն ես՝ ճիշտ, ոչ առասպել,
Ինքդ Ոսկիամայր, ունես ոսկեթել,
Աշխարհի հայելին երկինքն եմ տեսել,
Երկրում քեզի պես չկա արեգակ։

Սերդ սիրահարիդ հոգուն դարձավ ցեց.
Փափագով պատկերդ տեսնելու դիմեց,
Ով որ հաստատ աչքով քեզ մտիկ տվեց,
Անքուն պիտի մնա երկար ժամանակ։

Ղարիբն եմ, սլացավ միտքս դեպի վեր,
Լուսնթագն էլ չունի քեզ նման պատկեր.
Միայն դու ողջ եղիր, մտերիմ ընկեր,
Ես զոհվեմ, չի լինի Թիֆլիս ավերակ։

ՂԱՐԻԲԻ ՀՐԱԺԵՇՏԸ

Մոտեցավ բաժանման տխուր վայրկյանը,
Թողեք ես լամ, արտասուքս ծով լինի,
Դժվար է քրոջս մորս բանը,
Ես որ գնամ, նրանց պաշտպան ո՞վ լինի։

Ձեզ եմ հանձնում իմ տուն ու տեղ օթան,
Խղճուկ գերդաստանիս դուք եղեք պաշտպան,
Այցելեցեք շուտ-շուտ, հույս տվեք նորան,
Գոնե մորս սիրտը անխռով լինի։

Ուզեցի ձեր մոտը վերքերս բանալ,
Ղարիբն եմ, չեմ կարող անլաց հեռանալ,
Մտերիմ ընկերներ, ինձ միք մոռանալ,
Որ իմ սիրտս հանգիստ, ապահով լինի։

ՂԱՐԻԲԻ ՄՈՐ ԵՎ ՍԱՆԱՄԻ ՈՂԲԸ

Մայրը

Սանամ, ոտքերուդ տակ դնեմ գլուխս,
Ողբա, Սանամ, ողբա, ու՞ր է Ղարիբս,
Վառվում - այրվում եմ, դուրս չի գա ծուխս,
Ողբա, Սանամ, ողբա, ո՞ւր է Ղարիբս։

Սանամը

Քո մատաղդ լինեմ, սիրելի մայրիկ,
Ինչպե՞ս ես չողբամ, սիրելիս չեկավ։
Աշխարհիս մեջ կյանք չունեցա երջանիկ,
Ինչպե՞ս ես չողբամ, սիրելիս չեկավ։

Մայրը

Տես, անիրավ բախտը մեզ ինչեր արեց,
Անամոթ թշնամին դռներս քարեց,
Արյունս չորացավ, շունչս դադարեց,
Ողբա, Սանամ, ողբա, ու՞ր է Ղարիբս։

Սանամը

Ղարիբն ինձի ինչ օրերու հասցրավ,
Հին ցավերուս վերա` նորից ցավ դրավ,
Անիրավ թշնամին բերեց վատ համբավ,
Ինչպե՞ս ես չողբամ, սիրելիս չեկավ։

ՄՆԱՍ ԲԱՐՅԱՎ, ԹԱՎՐեԶ ՔԱՂԱՔ

Մնաս բարյավ, Թավրեզ քաղաք,
էլ չեմ ուզում դառնալ քեզի,
Ատրպատականի ճրագ,
Չեմ կարող մոռանալ քեզի։

Աստված պահե շեն ու ապատ,
Ցավե, վտանգներե ազատ.
Հայրենիք ես, չեմ ուզեր վատ,
Կուզեմ ծաղկած մնալ քեզի։

Հետս առած քույր ու մայրս,
Ծոցդ ավանդ թողի հայրս,
Ուզեցի, ծննդավայրս,
Վերջին բարևս տալ քեզի։

ՇԱՀ ՍԱՆԱՄԻ ԴԻՄՈԻՄԸ ՂԱՐԻԲԻՆ

Ղարիբ, լսե այս խոսքերս, և միշտ առ,
Մի օր չուրախացա, ինչ դու գնացիր.
Թnղի հանդերձներս ես ծիրանեվառ,
Հագնելով ման չեկա, ինչ դու գնացիր։

Եղել էի տգեղ թռչուն անփետուր,
Ողբալով անցնում էր օրերս տխուր,
Ադամանդ օղերս պահում էի զուր,
Մի օր չպճնվա, ինչ դու գնացիր։

Արկղիս մեջ փտան զարդերս պես-պես,
Յոթը տարվա մեջը կյանքս եղավ կես,
Հազար տեղ պատահավ խնջույք ու հանդես,
Ոչ մի տեղ չմտա, ինչ դու գնացիր։

Սանամ, փառքն է վաղանցուկ, խաբուսիկ,
Ո՞վ է տեսել օդը առանց փոթորիկ.
Յոթը ծնունդ անցավ և յոթը զատիկ,
Ես չդրի հինա, ինչ դու գնացիր։

ՍՏԵՂԾՈՂԻՑ ՍՐՏՈՎ ԽՆԴՐԵՑԻ

Ստեղծողից սրտով խնդրեցի մի բան,
Գոհ եմ, որ փափագիս հասցուց շուտ ինձի.
Իցե թե խնդիրս դուր եկավ նորան,
Բարիքներ ցույց տվեց բազմօգուտ ինձի։

Փոքր հասակիս մեջ շատ ցավեր տեսա,
Խնդություն չտեսած հոգսի մեջ ընկա,
Տվեցին իմ ձեռս գինով լի կթխա,
Մի ոսկի ըմպանակ՝ փայլուն-զուտ ինձի։

Իմ ազգականներս մոտ եղան եկան,
Սկսեցին անել լաց ու կոծ կական,
Ոմանք ասին - խելագար է այu տղան,
Ոմանք էլ կարծեցին խելամուտ ինձի։

Արշակն եմ, այս գիշեր մխիթարվեցա,
Հզոր ձեռոք կյանք առա, զարդարվեցա,
Թիֆլիս՝ ՇահՍանամին սիրահարվեցա,
Կարծես թե ծանոթ էր նա մանկուց ինձի։

ՔԵԶ ՈՐ ՏԵՍԱ

Քեզ որ տեսա խելքս եղավ ցիր ու ցան,
Հալվեցավ յուղն իմ սրտում, Արեգնազ,
Թե փափագիս շուտով հասա աննման,
Քեզ հետ կանենք շատ կեր ու խում, Արեգնազ։

Սիրո ձեռքից եղել եմ թափառական,
Ինձ թշվառիս տերը լինի օգնական.
Գիշեր ցերեկ կանչելով «Ախ, սիրական»,
Երեսս չմնաց խնդում, Արեգնազ։

Երբեք հանգիստ չունի սիրահար մարդը,
Ինչպես որ շարժվում է ծառի սաղարթը,
Չէ երգում սոխակը, չէ բացվել վարդը,
Այսօր ձեր այգին է տրտում, Արեգնազ։

Ես Ղարիբն եմ, ցավեր ունիմ անհամար,
Ափսոս փրկվելու չգտա հնար,
Իմ սիրո բարևս ՇահՍանամին տար,
Ես այստեղ կսպասեմ այգում, Արեգնազ։

ՕՏԱՐ ԵՐԿՐԻՑ ՎԵՐԱԴԱՐՁ

Օտար երկրից վերադարձա,
Խոսիր, մի լռիր, իմ սազս.
Գգվելով քեզ ձեռս առա,
Խոսիր, մի լռիր, իմ սազս։

Լավ ես պահել քո թելերը,
Ապրիս, դու հոգվույս ընկերը,
Հարսանյաց մեջ իմ անցքերը,
Պատմիր, մի լռիր, իմ սազս։

Ղարիբն եմ, դու մի մտածել,
Սկսե ձայնդ տարածել,
Յոթը տարի է չեմ ածել,
Խոսիր, մի լռիր, իմ սազս։

 

Top

 

Քյարամ և Ասլի

ԵՐԵՍԸ ՄԻ ՏԵՍՆԻ ՆԱԽԱՆՁՈՏ ՄԱՐԴԻ

Երեսը մի տեսնի նախանձ տմարդին,
Գլուխդ առ նորա մոտհց հեռացիր,
Բարի, ընկերասեր երիտասարդին,
Պատվե, սիրե և արժեքը իմացիր։

Նախանձոտը երբեք օր արև չունի,
Մարդ է ծնվել, բայց մարդկության ձև չունի,
Երբ տեսնում ես մի ծառ, որ տեր չունի,
Մի մոտենալ, դու շատ հեռվից անցկացիր։

Ներսից էլ ներս՝ հողի տակը հատակ կա,
Զգուշացիր, մոխրի տակը կրակ կա,
Կյանքի մեջը հազար ու մի առակ կա,
Մտիր նրա խավերի մեջ, հասկացիր։

Քյարամ, մարդը ծառ է՝ աշխարհն է սղոց,
Անպատճառ կտրում են, թե ունենա խոց,
Թե խելք ունիս, ցավդ մի ասեր այլոց,
Դու սիրով տար, համբերելով դիմացիր։

ԻՆՁՆԻՑ ՄԻՔ ՆԵՂԱՆԱ

Ինձնից միք նեղանա, համեստ քույրիկներ,
Եզրից կերթամ, ճանապարհը ձեզ լինի.
Սրտիս մեջը ունիմ ցավի կծիկներ,
Թույնը ես կխմեմ, մեղրը ձեզ լինի։

Եկա այստեղ չկարծեք թե կմնամ,
Ուզեցի ձեզնով իմ սիրտս բանամ,
Ես ծարավ եմ, մի ջուր խմեմ կգնամ,
Մի կաթիլ ջուր տվեք՝ լիճը ձեզ լինի։

Գինարբու չեմ, աղանդներ չէ հարկավոր,
Սիրականիս ձեռքից ման կուգամ մոլոր,
Ես մի ծաղիկ ունիմ՝ կոկոնից էլ նոր,
Այս կողմերում բուսած վարդը ձեզ լինի։

Քյարամն եմ, համ խելոք, համ էլ անբարիշտ
Կրում եմ սրտիս մեջ տեսակ - տեսակ վիշտ,
Ասլիից անջատված սգավոր եմ ճիշտ։
Սև կհագնեմ, թող կարմիրը ձեզ լինի։

ՈՎ ՆԱԶԵԼԻ

Ով նազելի, մի լար, բավ է,
Վառվում եմ, Ասլի, վառվում եմ,
Ցավս ուրիշ տեսակ ցավ է,
Վառվում եմ, Ասլի, վառվում եմ։

Այս ցավը ինձ մահ պատճառեց,
Կերավ կյանքս սպառեց,
Քո կրակդ ինձի վառեց,
Վառվում եմ, Ասլի, վառվում եմ։

Ինձ լսե, իմ հատընտիրս,
Մի տեղ ամփոփե մոխիրս,
Այսպես էր ճակատագիրս,
Վառվում եմ, Ասլի, վառվում եմ։

Քյարամն եմ, թշվառ արարած,
Այսպես էր կամեցել աստված,
Փափագս սրտումս մնաց,
Վառվում եմ, Ասլի, վառվում եմ

 

Top

 
 
Copyright © 2008 - Javakhk Songbook
Reproduction in full or in part is prohibited without reference to
JavakhkMusic.com